Աստծո յուրաքանչյուր օր, երբ հայն ու հայաստանցին մեր կառավարիչներից լսում են, որ երկրի տնտեսությունը պետք է զարգանա գլխավորապես ի հաշիվ արտահանումների, տարակուսում են, թե ինչու են մերոնք ավելի նվիրված այլոց կյանքն ու կենցաղը բարելավելուն, քան հայրենակցի օրը բարեփոխելուն: Չէ՞ որ պարզից էլ պարզ է, որ լինի կոնյակի ու գինու, թե մետաղի ջարդոնի ու պղնձի հումքի արտահանում, այդ կերպ հաճելի ու աշխատանքային միջավայր է ստեղծվում այլոց համար, որոնք, թերևս, Հայաստանի տեղն էլ չգիտեն, մեր տեսակի ինչ ու ինչպիսին լինելու պատկերացումն անգամ չունեն:
Այսօրինակ մտքերի կարիքը չէր ծագի, եթե ունենայինք հայաստանաբնակին անհրաժեշտ այն նվազագույնը, որով պայմանավորվում է նրա սերն ու հարգանքը իր բնակավայրի հանդեպ: Այդ նվազագույն ասվածն այսօր հայաստանցու համար կենցաղային մանրուքներն ու հաճույքներն են, սկսած առավոտյան մեկ բաժակ կաթից ու երեկոյան մեկ գավաթ կոնյակից: Ավաղ, թե առաջինը, թե վերջինը հասու չեն հարյուր հազարավոր մեր հայրենակիցներին. աշխարհին ներկայանալու հայաստանյան տնտեսավարական մտքի դրսևորումները, որքանով որ դրանք կան, արդեն քառորդ դար հիմնավոր արդյունք չեն տալիս, կյանքի որակ բարեփոխելու երաշխիքներ չեն: Անշուշտ մինչ այն պահը, երբ կլուծվեն մեր համեստ ակնկալիքները. առավոտյան մեկ բաժակ կաթը, որը ցանկալի է փոշուց պատրաստված չլինի, մի շերտ երշիկը, որի հումքը չգիտես աշխարհի որ մասում խոր սառեցված միսն ու այլևայլ կոնսերվանտները չկազմեն, հացի այն տեսակը, որը թխվում է հայոց հողում աճեցվող ցորենից: Նվազագույն այս խնդիրներն աշխարհը լուծում է և հետո միայն մտածում իր ստեղծածով այլոց ներկայանալու մասին: Մեր գերական առայժմ ալկոհոլն է, ծխախոտը, սուրճը, ընդերքից հանվածը, երբ մեր առօրյայի հիմնական անհրաժեշտությունները ներկրվող են, այլոց աշխատանքի արդյունք, նրանց տնտեսությունները բարեփոխող, մեզ էլ՝ պարզ ու հասարակ սպառողի կարգավիճակ պարտադրող: Ասվածի հաստատումը որոշակի թվերի ծանոթանալն է. 2000-ականների սկզբին ՀՀ արտահանումը հազիվ 300 մլն դոլար էր, վերջին տարիներին 1,5 մլրդ դոլար, ամբողջ 5-ապատիկ աճ: Անգամ ամենալավատեսները չեն պնդի, որ մեր կյանքում նույնիսկ կրկնակի աճ է արձանագրվել, եթե այլ կարծիք չհայտնենք: 700-800 դրամ արժեցած հիմնական սննդատեսակները հիմա 2000-3000 դրամով են վաճառվում, գազի ու էլեկտրաէներգիայի գները կարծես 8-10-ապատկվել են, կահույք գնելն ու հանգստի մեկնելը թանկ հաճույք են անգամ աշխատանք ունեցողների համար:
Որ արտահանման գերակայումը տնտեսական գործունեության հիմնախնդիրը չէ, որը մեզանում բարդ քաղաքականություն է որակվում, լավագույնս հաստատվում է Երկիր մոլորակի թիվ 1 տնտեսությունն ունեցող ԱՄՆ-ի օրինակով: 21-րդ դարի արդեն ամփոփված 15 տարիներից յուրաքանչյուրում գերհզոր տնտեսական այս երկրի առևտրային հաշվեկշիռը բացասական է ¥այս փաստն արձանագրում է ԱՄՆ-ում 1868 թվականից հրատարակվող «Համաշխարհային փաստեր. 2015» տեղեկատուն: 2000 թվականին արձանագրված 1 տրիլիոն արտահանման դիմաց ներմուծումը կազմել է 1,5 տրիլիոն դոլար, ամբողջ 500 մլրդ դոլարով ավելի: 2015-ին այս թիվը պահպանվել է, միայն այն տարբերությամբ, որ արտահանումը 2,2 տրիլիոն է, ներմուծումը՝ 2,7 տրիլիոն: Դարասկզբից 15 տարի հետ գնալու պարագայում էլ առևտրային հաշվեկշիռը բացասական է՝ արտահանումը 290, ներմուծումը՝ 410 մլրդ դոլար: 1980-ից սկսած անխտիր բոլոր տարիներին ցուցանիշը բացասական է, 2006-ին առավելագույնը 760 մլրդ դոլար, 2010-ից սկսած՝ 500 մլրդ դոլարի սահմաններում: Անիմաստ է մտածել, թե ԱՄՆ-ի տնտեսավարական միտքը երբևէ անհանգստացել է այս վիճակից, ահազանգել, մտահոգվել: Անգամ երկրի համախառն ներքին արդյունքի տարեկան 1 տոկոս աճի պարագայում, երբ մեզանում խոսվում է երկնիշ աճի թվերի անհրաժեշտությունից: Մեզանում տիրող վիճակը, երբ ՀՀ-ում ստեղծվող ՀՆԱ-ն 10 մլրդ դոլար է կազմում, միայն քարեդարյան տնտեսություն կարելի է որակել, քանզի անգամ ՀՀ 10 տոկոս բնակչությունն ու տարածքն ունեցող Մալթան 15 մլրդ դոլարի ՀՆԱ ունի, չխոսելով մեր տարածքն ունեցող Ալբանիայի 33 մլրդ կամ Բելգիայի 500 մլրդ արդյունքներից: Մեր մեկ երրորդ բնակչությունն ունեցող երբեմնի խորհրդային Էստոնիան 40 մլրդ-ի ՀՆԱ ունի, թե ինչպես է դրան հասել, շարքային քաղաքացու խնդիրը չէ, այլ իշխանության, պետական կառույցների, որոնց պակաս Հայաստանը չունի: Հիմա էլ ռազմավարական նոր կենտրոն հիմնադրվեց, մասամբ բյուջեից ֆինանսավորվող, երբ այլ բան էր խոստացվել: Թե ինչու ՀՀ կայացման ռազմա վարությունը ի զորու չեն մշակելու գործող նախարարություններն ու գործակալությունները, հարցը պատասխան չունի: Այս ամենը հիշեցնում է նույն հարկատուներիս միջոցներով պահվող Հ1-ի «Գուշակիր մեղեդին» զվարճախաղը:
ՀՀ տնտեսության կայացմամբ շահառու շարքային քաղաքացիս, որը կարճ ժամանակով հյուրընկալվում է Եվրոպայի կենտրոնում գտնվող Ավստրիայում, փորձում է ուսանելի օրինակների օգնությամբ ներկայացնել գերզարգացած այս երկիրը: Ինչո՞ւ, որովհետև զարգացած եվրոպական շատ երկրների պես, ինչպիսիք են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, նրանց տնտեսապես հետապնդող մի խումբ այլ երկրների առևտրային հաշվեկշիռները բացասական են: Նույնն է Ճապոնիայի, Կանադայի, Թուրքիայի պարագայում: Ավստրիայում հաշվեկշիռը գրեթե զրոյական է, փոխարենը մարդկանց գնողունակությունն է շատ բարձր, հիմնականում իրենց արտադրածը, մասամբ Եվրամիությունում ստեղծվածը, որը չես ասի Եվրասիական միության առումով: Այստեղ կոոպերացիան մի բան է, որը մեզանում փորձում են գլխիվայր իրականացնել, ասենք, գինեգործության ոլորտում: Այն եվրոպական երկրներում վարում են տասնյակ հազարավոր տնտեսություններ հիմնականում ընտանիքի անդամների և միայն գարուն-աշուն շրջանում փոքրաթիվ աշխատուժ ընդգրկելու միջոցով: Արդյունքը պահեստավորված հարյուրհազարավոր եվրոներ կազմող արտադրանքներն են, որոնց իրացմամբ զբաղվում են կոոպերացիաները: Թե մեզանում ինչ աշխատաոճ է, գիտենք բոլորս: Ամեն ինչ է արվում վերամշակողների շահերը սպասարկելու, նրանց արտոնություններ տրամադրելու համար, իսկ հողի մշակին մնում է բանկերի վարկերի տոկոսները փակելու պարտավորվածությունը:
Ավստրիայի մեծությամբ 2-րդ Գրաց քաղաքը 250 հազար բնակիչ ունի, տարածքը գինեգործական շրջան է, որտեղ վերջին տարիներին զարգացել է նաև անասնապահությունը, առաջնահերթը խոզի մսի արտադրությունն է: Թեև 1 բնակչի հաշվով վարելահողը թե Ավստրիայում, թե ՀՀ-ում 1700 քառակուսի մետր է, այստեղ հացահատիկի արտադրությունը մոտենում է 5 մլն տոննայի, որի մոտ 2 մլն տոննան եգիպտացորենի հատիկն է: Այն օգտագործում են որպես խոզի կերի լիարժեք բաղադրիչ, առավելագույն քաշաճ են ապահովում, խոզի մսի տարեկան արտադրությունը մոտ 600 հազար տոննա է, 1 կգ-ի գինը՝ սկսած 3 եվրոյից: Կովերի կաթնատվությունը տարեկան կազմում է մինչև 15000 լիտր: Հանրահայտ «Մոցարելա» պանրի 125 գրամը վաճառվում է 65 եվրոցենտով, երբ երևանյան սուպերմարկետներում նույն ապրանքի 200 գրամը 1200 դրամ է: Եվ սա այն պարագայում, երբ Ավստրիայում հարկերը շատ ավելին են, քան ՀՀ-ում: Երկրի ՀՆԱ-ի մոտ 60 տոկոսը բյուջե է ուղղվում, երբ մեզանում այն հազիվ 20 տոկոս է կազմում:
Այս առումով ընդհանրապես տարօրինակ է մեզանում տիրող ողջ վիճակը: Համայնքապետերի հետ հանդիպումների ժամանակ ՀՀ վարչապետը տարակուսում է, թե ինչու են հայ գյուղն ու գյուղացին այսչափ անմխիթար վիճակում: Իսկ տեղին չէ՞ հարցն ուղղել նախագահությունում ուս ուսի նստած ՀՅԴ ղեկավար մարմնի ներկայացուցչին. չէ՞ որ 2003-2009 թվականներին, 7 տարի անընդմեջ ոլորտը ղեկավարել են դաշնակցական նախարարներ: Հիշյալ ուժը, ստանձնելով ոլորտի կառավարման պատասխանատվությունը, հարկ է, որ առաջնորդվեր ծրագրերով, որոնց առկայության պարագայում է հնարավոր ոլորտը բարեփոխել, ապահովել ՀՀ պարենապահովությունն ու պարենանվտանգությունը, որը, ցավոք, վտանգված է առավել քան: Այսօր անգամ սոխ ու սխտորն է ՀՀ ներմուծվում, չխոսելով հիմնական սննդամթերքներից: Ներմուծվում է այն ամենը, ինչ կարելի է տեղում արտադրել. պարենից մինչև թել ու գործվածք, պարզ էլեկտրալամպ ու արդուկ, սոսինձ ու կաշի, հիգիենայի ու լվացքի միջոցներ… Արդյունքում մտահոգ է հայն ու հայաստանցին, որոնց թվում տողերիս հեղինակի հարյուրավոր ծանոթ-բարեկամները, ընկերներն ու հարազատները, ամենօրյա հանդիպումների հեռու-մոտիկ զրուցակիցները, որոնցից ոմանց կարելի է արդեն այս տարածաշրջանի երկրներում հանդիպել: Նրանցից շատերն են վստահում գործող վարչապետին, նույն կերպ վստահել են նախորդներին, ովքեր Հայաստանը հասցրել են ծայրաստիճան ծանր այն վիճակին, երբ մարդկանց գոյատևելու միջոցը արտագաղթն է: Այստեղ նաև հետաքրքրվող եղավ, թե ինչու են ՀՀ վարչապետները կառավարությունից դուրս կառույցներից բերվում, երբ եվրոպական երկրներում ընդունված են պաշտոնյաների հաջորդականությունն ու իշխող կուսակցությունից առաջքաշումը:
Համաշխարհային վիճակագրությունը հիմնավորում է, որ ՀՀ տարածքը, բնակլիմայական պայմաններն ու մարդկային կարողունակությունը բավարար են կայացած տնտեսությամբ երկիր ունենալու համար: ՀՀ բոլոր տարիների կառավարիչները նախընտրում են իրենց անհաջողությունները արդարացնել երկիրը փոքր հռչակելով, ընդերքն էլ աղքատիկ գնահատելով: ՀՀ քաղաքացուս հյուրընկալած Ավստրիան էլ մեծ երկրների շարքում չէ, 1 քկմ-ի առումով նույնքան մարդ է ապրում, որքան Հայաստանում, մոտ 110 մարդ, ընդերքով էլ չի առանձնանում, իսկ այ աշխատանքի արդյունքով ցուցանիշներն արտառոց են: Միայն այն, որ երկրի պարենային ինքնաբավությունն ապահովում է աշխատունակ բնակչության 0,7 տոկոսը, խոսում է կառավարման որակների մասին: Թե ինչպիսի, պաշտոնյաների խնդիրն է, որոնք առայժմ գայթակղված են «արտահանում և էլի արտահանում» խոսքեր հնչեցնելով, որոնք 25 տարի անընդմեջ կրկնելը ՀՀ տնտեսությանը որակապես ոչինչ չի տվել: Տեղին է նկատել, որ «հալվա-հալվա» ասելով՝ բերանը չի քաղցրանում:
Անշուշտ, կան տնտեսագիտության ռահվիրաներ, որոնք հիմա կվկայեն ԱՄՆ-ի նախագահի՝ երկրի տնտեսությունը վերափոխելու խոստումները, երկրից դուրս գործող ընկերությունների գործունեությունը ԱՄՆ տեղափոխելու միջոցով: Թե ինչպես է դա հնարավոր իրականացնել երկրի թանկ աշխատուժի պայմաններում, որը հակասում է բիզնեսի առավելագույն շահույթ ստանալու տրամաբանությանը, դժվար է պատկերացնել: Այսուհանդերձ, Դոնալդ Թրամփին հաջողություն մաղթենք, քանզի ՀՀ-ի տնտեսական վիճակն ինչ-որ չափով կախված է այդ երկրից, նաև 1, թե 2 մլն ամերիկահայերի բարեկեցությունից:
Այսուհանդերձ, անժխտելի է, որ մեր կյանքի ու կենցաղի բարելավումը մեր խնդիրն է, մեր աշխատանքի որակի արդյունքը: Թող դիտարկումս սիրողական ու պարզունակ համարվի, սակայն արտահանման գերակայությունը չէ այն միջոցը, որը հիմնախնդիրը լուծելու նախապայմանն է. ՀՀ տնտեսությունում տեսանելի փոփոխություն չի արձանագրվի, եթե, ասենք, ծխախոտի արտահանման 200 մլն դոլարը 1 մլրդ-ի հասցվի, կամ այդքան կազմի ՀՀ արտադրության ալկոհոլի արտերկրներ վաճառքը: Նույնը՝ ընդերքը թալանելու գործընթացը, այլոց ծիրանով ու լոլիկով բավարարելը, որը Հայաստանը դարձնում է չգիտես ում այգեգործաբանջարանոցային կցորդը, երբ երկիրը պահվում է առաջին անհրաժեշտության ներմուծվող պարենով: Թե հայաստանաբնակ, թե ավստրահայ շրջապատս անհամբերությամբ է սպասում կառավարության ղեկավարի այն խոսքերին, թե, ասենք, հավի միսն ի՞նչ է, որ չենք կարողանում արտադրել, հազիվ 5-6 հազար տոննա արտադրում ենք, 35-36 հազար տոննա ներմուծում, այլոց չգիտես ինչ կերերով արտադրածն ու քիմիական ինչ-ինչ միջոցներով խոր սառեցման ենթարկվածը: Նույնը խոզի մսի պարագայում, որը Երկիր մոլորակում խնդիր չի համարվում, լուծվում է ձեռքի հետ, այստեղ՝ 600 հազար տոննա, Դանիայում 1,6 մլն տոննա, Չինաստանում՝ 53 մլն տոննա, որն աշխարհում արտադրվածի մոտ կեսն է:
Եվ սա այն պարագայում, երբ Չինաստանում 1 բնակչի հաշվով վարելահողը հազիվ 800 քմ է, Հայաստանում՝ 2000 քմ: Չգիտես ինչ կերպ Չինաստանի կառավարողներին հաջողվում է լուծել իրենց 1,3 մլրդ բնակչության պարենային ապահովությունը, մի բան էլ արտահանել, այդ կերպ հանրություն-իշխանություն հարաբերություններում բարերար միջավայր ստեղծել: ՀՀ-ում բարեբեր հողերը տարօրինակորեն չեն մշակվում, գյուղն ու երկիրը գնալով աղքատանում են, իսկ իշխանությունը նպատակ է հռչակում անհասցե արտահանումը խթանելը: Ակամա ցանկանում ես հաշտվել «փորձը փորձանք չէ» մտայնություն կրողների հետ, որը 25 տարի շարունակ ակնկալվող արդյունք չի ապահովում:
Այսպես էլ տնտեսավարում ենք:
Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
Գրաց, Ավստրիա